• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հնդկաստան (Նյու Դելի)

23 փետրվարի, 2024

2024թ. փետրվարի 21-23-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Նյու Դելիում՝ համաշխարհային անվտանգության խնդիրներին նվիրված «Ռաիսինա երկխոսություն» ամենամյա 9-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Միջոցառումը մեկ հարկի տակ է միավորել գլոբալ և տարածաշրջանային պետական և ոչ պետական դերակատարներին՝ հնարավորություն տալով ծավալել բազմակողմանի երկխոսություն և համագործակցություն։
Փետրվարի 21-ին համաժողովը մեկնարկել է «Հայ-հնդկական երկխոսություն» միջոցառմամբ, որի շրջանակում բացման ելույթով հանդես է եկել նաև նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ընդգծելով Հնդկաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերությունների կարևորությունը՝ նախարարը խոսել է երկու երկրների միջև գործընկերության խթանման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի մասին: Շեշտվել է, որ վերջին շրջանում Հնդկաստանի հետ հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ «Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առևտրի և տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի։ Երկու ժողովուրդների միջև հնուց ի վեր առկա փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը նպաստում են միջմարդկային փոխանակումների ինտենսիվացմանը տարբեր բնագավառներում»,- նշել է նախարարը։ Անդրադառնալով աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ իր ղեկավարվող նախարարության կողմից անհրաժեշտ մոտեցումներ են մշակվում՝ ապահովելու ոլորտի համապատասխան կանոնակարգումը: Նախարարը նաև խոսել է նախարարության կողմից 2022 թվականին ստորագրված Skill India-ի հետ փոխըմբռնման հուշագրից, որը վերապատրաստման և հմտությունների զարգացման հնարավորություն է նախատեսում: Նախարարն իր խոսքում կարևորել է նաև արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցության ներուժը և առաջարկել դիտարկել գլոբալ AI նորարարական հարթակի ստեղծման գաղափարը՝ լուծումների և հետազոտությունների փոխանակումը հեշտացնելու, միջազգային համագործակցության միջոցով սոցիալական օգուտները խթանելու նպատակով։ Ազգերի միջև խաղաղության, համագործակցության ու փոխադարձ հարգանքի դրսևորման կարևորության համատեքստում խոսվել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին և նշվել, որ անվտանգությունը, տնտեսական կայունությունը և երկրների զարգացումը պետք է դիտարկվեն որպես հավաքական գլոբալ պատասխանատվություն։ Համաժողովի ընթացքում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ, որոնց շրջանակում մասնակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Նույն օրը նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն Վեդ Մանի Թիվարիի հետ։ Քննարկմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև 2022թ․ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ձեռք բերված պարտավորություններին՝ կարևորելով փաստաթղթով նախատեսված կետերի ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը։ Նախարար Մկրտչյանն ընդգծել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը և առաջարկել դիտարկել Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համապատասխան հարթակի ստեղծման գաղափարը, որը թույլ կտա մի կողմից հավաքագրել Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով ներկայացնել Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված հարցերին։
Փետրվարի 22-ին նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Քայլաշ Սաթյարթիի մանկական հիմնադրամի» տնօրեն Քայլաշ Սաթյարթիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ նախանշելով երեխաների աշխատանքային շահագործման երևույթի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության առաջնահերթություններից է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացումն ու լավագույն շահի ապահովումը։ Վերջինս նշել է, որ 2023թ․ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով, որի շրջանակում ոլորտային միջազգային և տեղական մասնագետների հետ քննարկվել են նաև ոլորտի հիմնախնդիրները։ Նախարարը Քայլաշ Սաթյարթիին առաջարկել է ստեղծել համատեղ հարթակ, որը հնարավորություն կտա գործնական քայլեր իրականացնել երեխաների աշխատանքային շահագործման երևույթի կանխարգելման և պայքարի ուղղությամբ։ Նարեկ Մկրտչյանը նաև անդրադարձել է Հայաստանում առաջին անգամ անցկացված աշխատանքի միջազգային համաժողովին և այդ համատեքստում խոսել ԱՄԿ գլխավոր տնօրենի նախաձեռնած Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային ՀՀ անդամակցության մասին: Նախարարն առաջարկել է երեխաների աշխատանքային շահագործման դեմ պայքարի ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնել նաև սոցիալական արդարության շրջանակում։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին ևս կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ջանքերի համատեղումը․ նա առաջարկել է երկկողմ համագործակցությունը զարգացնել, մասնավորապես՝ սոցիալական արդարության, կարեկցանքի գաղափարի դրսևորման համատեքստում, ինչպես նաև նաև երեխայակենտրոն համայնքների գաղափարի ստեղծման ու զարգացման շրջանակում։ Նախարար Մկրտչյանը ևս ընդգծել է համագործակցության պատրաստակամության մասին ու Քայլաշ Սաթյարթիին հրավիրել Հայաստան՝ նախատեսվող ուղղությամբ ավելի հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, բարձր գնահատելով Նարեկ Մկրտչյանի մի շարք նախաձեռնությունները կարեկցանքի գաղափարի համաշխարհայնացման գործում, նախարարին պարգևատրել է Երախտիքի բարձր մեդալով։
Փետրվարի 23-ին նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հետ ձևավորված սերտ հարաբերությունների դերը և այս համատեքստում ընդգծել Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։ Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը հնարավորություն կտա կանոնակարգել դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի հոսքը և խուսափել հետագա հնարավոր խնդիրներից։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» հետ համատեղ նախատեսվող հարթակի ստեղծումը ևս թույլ կտա նպաստել գործընթացին․ այն մի կողմից կհավաքագրի Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով կներկայացնի Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։ Բհուպենդեր Յադավը ևս, կարևորելով ՀՀ հետ համագործակցությունը, նշել է, որ վերջին տարիների ընթացքում իրապես նկատելի է Հնդկաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան մեծ ներհոսքը․ Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարը ևս հաստատել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ ևս։ Ներկայացնելով Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ վերջինս նշել է, որ ստեղծվել է մասնագիտական ծառայությունների ազգային հարթակ, որի միջոցով օրական շուրջ 4 մլն աշխատանքի հայտարարություն է հրապարակվում։ Յադավի խոսքով՝ հարթակի միջոցով նաև արտերկրում գործունեություն իրականացնող գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալ Հնդկաստանի թափուր հաստիքներին և համապատասխան աշխատուժ ներգրավել հետաքրքրող աշխատանքներում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։
Նույն օրը նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար Սմրիտի Զուբին Իրանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում տարվող բարեփոխումներն ու ծրագրերը՝ մանրամասնելով խնամատարության ինստիտուտի զարգացման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման ուղղությամբ տարվող քայլերը։ Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող աշխատանքներին՝ նախարարը խոսել է սոցիալական արդարության ապահովման շրջանակում անհրաժեշտ քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին ու առաջարկել համագործակցել այս ուղղությամբ։ Սմրիտի Զուբին Իրանին ներկայացրել է Հնդկաստանի փորձը կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց հզորացմանն ուղղված աշխատանքներում։ Նա նշել է, որ Հնդկաստանը ևս կարևորում է խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել իրենց փորձը ներկայացնել հայկական կողմին։ Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարարը նաև առաջարկել է դիտարկել ԱՍՀ նախարարության հետ համագործակցության հնարավորությունը՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման և աշխատակիցների հմտությունների զարգացման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մշակել համապատասխան հուշագիր, որը թույլ կտա հստակեցնել այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են զարգացնել համագործակցությունը։
Այցի ընթացքում տեղի են ունեցել նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները հնդկական ուղեղային և վերլուծական կենտրոնների «Հնդկաստան հիմնադրամի» և «Վիվեկանանդա միջազգային հիմնադրամի» ղեկավար կազմի հետ։ Նախարարի աշխատանքային այցն ամփոփվել է մի շարք հնդկական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների և անկախ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: